ՈՒ՞ր է մեզ տանելու այս գաղջ մթնոլորտը
13.12.2019 | 00:20
Գագիկ Վրեժի, Դուք մոտավորապես երեսուն տարի Հայաստանի Հանրապետության աչքի ընկնող անձանցից մեկն եք եղել: Չեմ թվարկի բոլոր այն պաշտոնները, որ զբաղեցրել եք, միայն կնշեմ, որ զբաղեցրած պաշտոններով Դուք հաստատ պիտի որ ունեցած լինեք Ձեր լավ կամ վատ դերակատարումը: Ես այժմ էլ մտադիր չեմ տալ Ձեր ունեցած դերակատարմանն իմ գնահատականը, որովհետև որքան էլ փորձեմ լինել օբյեկտիվ, հաստատ կլինեն, եթե չասեմ բթամիտներ, ապա չարակամներ (իսկ այսօր մեր հասարակությունում դրանց պակասը չի զգացվում և օր օրի աճում է երկրաչափական պրոգրեսիայով), որ կմեղադրեն կամ ֆեյսբուքում հայհոյական ստատուսներ կգրեն, այն էլ թաքնված ձևով:
Ինչ-որ ժամանակ Դուք եղել եք նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, որի հետ գործի բերումով բնականաբար շփվել եմ: Առաջին անգամ քրեական գործի նյութերը Ձեզ զեկուցելուց հետո իմ անմիջական պետին ասացի, թե Ջհանգիրյանն ունի սուր միտք և անմիջապես ըմբռնում է ասելիքդ։ Պետս համաձայն էր ինձ հետ։
Հիմա Ձեզ ցանկանում եմ հարցնել՝ այդ սուր միտքը ցանկացած հարցի առնչությամբ (ես այդ կարծիքին եմ), ընկալումը ծառայեցրե՞լ եք հանուն մեր պետության զարգացման, նրա բարգավաճման, թե՞…
Ինքս փորձեմ տալ պատասխանները:
Նախ չգիտեմ՝ ընդհանուր առմամբ մեր երկրում ցանկացած պաշտոնյա նշված որակներն օգտագործե՞լ է ի շահ պետության, թե՞…
Հարցադրումս հավանաբար հօգուտ պետության չէ, այլապես այսօր մենք չէինք ունենա այն, ինչ ունենք… Նախկինում ցանկացած պաշտոնյայի կատարմամբ դրսևորված կոռուպցիոն դեպքերը, հարուցված և դեռ հարուցվելիք քրեական գործերը ասածիս հաստատումն են: Հանուն ճշմարտության այն էլ ասեմ, որ հարուցված քրեական գործերը ավելի շատ հեռուստաշոուի, քան իրավական ոլորտից են: Բայց չշեղվեմ, անդրադառնամ կոնկրետ Գագիկ Ջհանգիրյանի թեմային:
Եթե ընդհանրացնենք Ջհանգիրյանի տարբեր ժամանակներում, այդ թվում և մեր օրերում տված հարցազրույցները, նրա հասցեին տարբեր առիթներով սովորական քաղաքացիների կամ հանրահայտ մարդկանց արտահայտած կարծիքները (ճիշտ է, մարդը կարծիքներով չի ապրում), ապա կարելի է ասել, որ հասարակության հիշողությունում Ջհանգիրյանն ավելի շատ կհիշվի ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ նրա իսկ հասցեին հնչեցրած, և մեկ էլ իր իսկ կողմից ասված՝ կույս մնալու և հաճույք ստանալու, հայտնի թևավոր խոսքերով:
Հիմա հարցնեմ հարգելի Գագիկ Վրեժիչին՝ կույս մնալու և հաճույք ստանալու հարցադրումը լոկ սեռակա՞ն իմաստով եք ասել, թե՞… Չեմ կարծում լայն դիապազոնով մտածելու կարողություն ունեցող մարդը հարցադրումը կատարեր պրիմիտիվ ընկալմամբ: Հիմա թող թույլ տրվի հարցնել` քաղաքականության մեջ, պարոն Ջհանգիրյան, Դուք և հաճույք եք ստացել և կու՞յս եք մնացել: Չգիտեմ, չեմ կարող պատասխանել Ձեր փոխարեն, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ չգիտեմ կույս մնացել եք, թե ոչ, բայց որ քաղաքականության մեջ հաճույք եք ստացել, դա հաստատ է, այլապես Վազգեն Մանուկյանը Ձեզ չէր բնութագրի որպես «XX դարի հայ իրականության թիվ մեկ կեղծարարի»:
Գուցե ոմանք մտածեն, թե Մանուկյանը 1996-ի նախագահական ընտրություններում «պարտված» թեկնածու էր, ուղղակի չարամտել է ազնիվ մարդուն: Գուցե ես էլ այդպես մտածեի, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս իր կողմից ներողություն չխնդրեր Վազգեն Մանուկյանից 1996-ի ակնհայտորեն կեղծված ընտրությունների համար:
Հիմա փորձեմ գնահատական տալ Ջհանգիրյանի՝ 2008 թվականի փետրվարի 22-ին Ազատության հրապարակում ունեցած ելույթին, որի պատճառով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան հեռացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և զրկեց ունեցած կոչումներից:
Պարոն Ջհանգիրյան, խնդրեմ պատասխանեք, տվյալ պարագայում նախագահ Քոչարյանը ճի՞շտ վարվեց, թե՞ սխալ: Անշուշտ կասեք` սխալ: Ես էլ գուցե համամիտ լինեի Ձեզ հետ, եթե տառապեի հիշողության կորստով և չհիշեի 1996-ին կատարված, անմիջականորեն Գագիկ Ջհանգիրյանին առնչվող մի դեպք: Գագիկ Ջհանգիրյանը կույս էր մնացել և 1996-ի նախագահական ընտրություններում ծառայել էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Լևոն Հակոբիչը «արժանապատիվ» մարդ էր և, բնական է, վարձահատույց եղավ Գագիկ Ջհանգիրյանին: Այդ մասին փոքր ինչ հետո: Լևոնը հո Ռոբերտը չէ՞ր, որը չգնահատեց ներկայիս ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի հոր` էն ժամանակ դատավոր Մհեր Խաչատրյանի մեծ կեղծարարությունը։ Պարոն Մհեր Խաչատրյանը թքեց ՀՀ Սահմանադրության վրա` դատարանի անունից հրապարակեց վճիռ, որով մեկ օր անգամ ՀՀ քաղաքացի չհանդիսացած Ռոբերտ Քոչարյանին շնորհեց ՀՀ քաղաքացու կարգավիճակ, ինչով նրա համար ճանապարհ հարթեց նախագահական ընտրություններում, և նա դարձավ ՀՀ երկրորդ նախագահ: Չգնահատվելու պատճառով, հավանաբար (ինչը խիստ բնական է), Խաչատրյան Մհերի մոտ բացասական էներգիա կուտակվեց։ Հոգեբան չլինելով հանդերձ կարող եմ հաստատապես պնդել՝ հիշյալ բացասական էներգիայի վատ դրսևորումը փոխանցվել է նրա որդուն, ինչն այսօր ակնհայտորեն նկատելի է։
Գուցե ոմանք հարցնեն՝ ի՞նչ կապ ունի այդ ամենը Ջհանգիրյանի հետ: Բացատրեմ: 1996-ի նախագահական ընտրություններում պարտված, բայց կեղծիքներով «հաղթանակած» Լևոնը բարձր գնահատեց Գագիկ Ջհանգիրյանի ծառայությունները, նրան վստահելով (եթե չեմ սխալվում, այդ ժամանակ Ջհանգիրյանն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) կազմել ապագա դատավորների նշանակման ցուցակները: Ճիշտ է, Ջհանգիրյանը չէր դատավոր նշանակողը, բայց նրան էր հանձնված ցուցակների կազմումը: Այդ ցուցակները կազմելու համար Ջհանգիրյանը կոչված էր ապահովելու ոչ միայն «թափանցիկությունը», այլև «օբյեկտիվությունը»: Կազմվել էր հանձնաժողով, ու թե քանի՞ մարդուց էր բաղկացած այդ հանձնաժողովը, կդժվարանամ պատասխանել։ Ես տեսել եմ ընդամենը երկու մարդու, որոնք քննություն էին ընդունում ապագա դատավորներից։ Մեկը Ջհանգիրյանն էր, մյուսը՝ Մհեր Խաչատրյանը: Քննությունից մեկ օր առաջ մեկն ինձ հարցրեց՝ ուզու՞մ ես դատավոր դառնալ։ Պատասխանս դրական էր։ Նա թե՝ պիտի մուծվես, գումարը` 30 հազար կանաչ։ Ընդամենը ծիծաղեցի՝ անգամ 30 կանաչ չունեմ:
Գնացի քննության: Նստած էին Ջհանգիրյանը և Մհեր Խաչատրյանը: Ջհանգիրյանի առաջին հարցը եղավ.
-Սոկրատ, հոդվածներ ես գրում:
Անակնկալի չեկա ու հանգիստ պատասխանեցի.
-Ի՞նչ կապ ունի հոդված գրելը դատավոր դառնալու հետ:
-Այն, որ դու դատախազ ես և ոչ թե քաղաքական գործիչ:
ՈՒ Ջհանգիրյանը սկսեց հարցերի շարանը: Չասեմ փայլուն, բայց վատ չէի պատասխանել նրա հարցերին: Տեսնելով, որ իրեն չի հաջողվում ինձ իր թակարդը գցել, ասաց.
-Դատախազական բնագավառը լավ ես տիրապետում, բայց դատավարությանը վերաբերող հարցերին հստակ չես պատասխանում։
Անմիջապես բարձրաձայնեցի.
-Քրեական դատավարության իմ դասախոսը պարոն Մհեր Խաչատրյանն է եղել, որից հինգ եմ ստացել, նա եղել է նաև իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարը, որի պաշտպանությունից նույնպես գերազանց եմ ստացել:
Հավելեմ՝ ամբողջ ընթացքում Մհեր Խաչատրյանը լուռ էր։ Լուռ մնաց նաև իմ պարզաբանումից հետո: Ինչ երկարացնեմ՝ ես ցուցակ չանցա: Իսկ մի քանի ամիս հետո դուրս մնացի դատախազների պիտանիության ցուցակից:
Պարոն Ջհանգիրյան, եթե ես` շարքային դատախազս, դուրս մնացի ոչ միայն դատավորների ցուցակից, այլև դատախազների պիտանիության ցուցակից, որովհետև հոդվածներ էի գրում, ապա ինչպե՞ս կբնութագրեք Ձեր արարքը, որ գլխավոր դատախազի տեղակալը, գեներալը գնում և միանում է ընդդիմության կազմակերպած ցույցերին և ինչը վերջին հաշվով (պրովոկատորական բովանդակությամբ) հանգեցրեց արյունահեղության:
Պարոն Ջհանգիրյան, Ձեր վարքագծի կապակցությամբ կուզենայի հիշատակել պատմական մի փաստ: 1918 թվականի հուլիսի 6-ին էսեռները ապստամբեցին բոլշևիկյան իշխանությունների դեմ: Երկաթյա Ձերժինսկու տեղակալ, կուսակցական պատկանելությամբ մի էսեռ ևս միացավ ապստամբությանը: Երբ վերջինս գերի է ընկնում բոլշևիկներին, Ձերժինսկին նրան հարցնում է.
-Դուք ինչպե՞ս թույլ տվեցիք Ձեզ խախտել Ձեր երդումը։
Հարցադրմանը հետևում է ազնիվ պատասխանը.
-Ես կատարել եմ իմ կուսակցության հրամանը:
-Ողջունում եմ կուսակցությանը Ձեր նվիրվածությունը, -ասում է Ձերժինսկին։- Բայց որպես իմ տեղակալի` կհրամայեմ գնդակահարել Ձեզ:
Ասեմ, պարոն Ջհանգիրյան, Դուք և հանձնաժողովում համրի դեր ստանձնած Մհեր Խաչատրյանը դրեցիք (լավ կամ վատ որակումը ինքներդ ընտրեք) այն դատական համակարգի հիմքը, որն այսօր ունի մեր երկիրը: Ասեմ նաև, որ մեր դատավորները ոչ տհաս են, ոչ էլ անգրագետ, պարզապես նրանց պակասել և պակասում է (թեպետ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ որոշ դատավորների սկզբունքայնությունն այնքան էլ էժան չնստեց նրանց վրա) ազատությունը: Ճիշտ է, ազատությունը փիլիսոփայական կատեգորիա է և բնութագրվում է որպես գիտակցված անհրաժեշտություն, բայց ես ունեմ նրա իմ բնութագրումը՝ եղիր մաքուր, մի քծնիր, մի շողոքորթիր, և դու ազատ ես: Ճիշտ է, արդյունքում կարող ես նաև տուժել, բայց եզակի դրսևորումների դեպքում ոչ մի ուժ չի կարող ճնշել քո և քո նմաններից նվաճված կոլեկտիվ ազատությունը, և միայն այդ դեպքում երկիրը կդառնա իրավական և ոչ թե «քննանոց» ամեն մի անբարոյական ղեկավարի:
Անկեղծ ասած, չեմ կարող ասել` առ Լևոն սե՞րն էր ստիպում կանգնել նրա կողքին, թե՞ ապագա գլխավոր դատախազի պաշտոնն էր գայթակղում Ձեզ: Հավանաբար վերջինը: Դուք իրավաբան եք և հասուն իրավաբան, բա մարտի 1-ին ինչու՞ լսեցիք Ձեր շրջապատին, ինչու՞ չբացատրեցիք, որ այդ ամենը տանելու է կատաստրոֆայի: Ինչու՞ չկանխեցիք ողբերգությունը…
Եվ այսօր Դուք արդարացվել եք… Իսկ ես, որ ապօրինաբար 2,5 տարի հեռացվեցի դատախազությունից ու լրիվ չստացա դատախազական թոշակս (որովհետև 6 ամիս չհերիքեց դատախազական ստաժս), երբեք չդիմեցի դատարան, այսօր էլ չեմ դիմում: Իսկ Դու՞ք…
Համոզված եմ՝ դատարանն անվավեր կհամարի ՀՀ նախագահի 2008-ի փետրվարի 22-ի կարգադրությունը ոչ թե այն բանի համար, որ անօրինական է, այլ որ մեր երկրում արդարադատությունն իրականացվել է ոչ թե օրենքի ուժով, այլ ուժի օրենքով:
Այսօր Քոչարյանը շինծու, թե իրոք մեղադրյալ է, ես չեմ կարող ասել, որովհետև լինելով գրագետ մարդ և քաջատեղյակ մեր երեսուն տարվա արդարադատությանը, միայն կարող եմ պատասխանել և այդ պատասխանը ինձ հուշում է «Պաղտասար աղբարի» հերոսը, որը խեղճ Բաղդիկի դատավարության ժամանակ հենց սկզբից հստակեցնում է.
-Այսօ՞ր ում շահը պիտի պաշտպանենք:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. Պարոնյանի հերոսի ՝ «Այսօր ու՞մ շահը պիտի պաշտպանենք» խոսքերը ճիշտ և ճիշտ մեր երկրին են վերաբերում: Այսօր պաշտպանվում են ոչ թե երկրի շահը, մարդու իրավունքը, այլ այս կամ այն պաշտոնյայի հիմար-հիմար դուրս տալը: Պաշտոնյան կարող է չկատարել դատարանի վճիռը՝ նրան ներվում է, որովհետև նա մեր օրերի պաշտոնյա է: Դատարանը տարիներով կարող է չքննել գործը կամ անհարկի ձգձգել կամ կայացրած դատավճիռը չուղարկել կողմերին, երբեմն պատճառաբանելով, թե դատարանը ծրար չունի: Այդ բոլորը ներվում է դատավորին, պաշտոնյային, եթե կայացրած վճռով չի շոշափում պետական բարձրագույն պաշտոնյայի անձնական շահերը: Հիշում եք՝ ինչպես վարվեցին էն դատավորի նկատմամբ, որը հանդգնեց չկատարել Նիկոլի կամքը և գրավով ազատեց Ռոբերտ Քոչարյանին: Քրեական գործ՝ աշխատանքից մեկուսացում: Այսօ՞ր ինչ է կատարվում ՍԴ դատավորների հետ։ Այդ բոլոր գործընթացները հեռու են օբյեկտիվ արդարադատություն հասկացությունից: Պաշտոնյան երբեմն իր տգիտությամբ կամ լկտիությամբ իջնում է, ինչպես ռուսը կասեր՝ «ниже плинтуса» մակարդակին և մի ամբողջ համակարգի աշխատողների անվանում կղանք, իմա՝ ք… (Տես՝ «Ժամանակ», 10 դեկտեմբերի, 2019 թ.)։ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը «..քննչական ծառայության ծառայողի օրվա տոնական միջոցառման ժամանակ դատախազներին կղանք է անվանել»։ Այն է՝ «ՊՆ-ն երկրի գլուխն է, քննչականը՝ երկրի սիրտը, իսկ դատախազները՝ կղանքը»։ Եթե շարքային մի մարդ լիներ ասողը, որը ենթադրենք տուժել է այդ համակարգի աշխատողների երեսից, նրան գուցե և հնարավոր էր հասկանալ ու ներել: Բայց երբեք ու երբեք ներման արժանի չէ, երբ քննչական կոմիտեի նախագահն է նման լկտի ձևակերպման հեղինակը։
Փակագծերում ասեմ՝ վերջերս մի հարցազրույցի ընթացքում լրագրողն ինձ հարցրեց՝ դատախազությունում միայն Դու՞ք էիք համարձակ, չկա՞ր մեկ ուրիշ դատախազ։ Գուցե և անհամեստ գտնվեցի, բայց պատասխանեցի.
-Այո՛, չկար:
Այսօր որպես նախկին դատախազ ասում եմ՝ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան, դու ստահակ ես: Եթե ներկա լինեի այդ միջոցառմանը, մասնակից, ապա կասեի՝ ա՛յ գռեհիկ-անտաշ, ա՛յ անասնաֆերմայի ներկայացուցիչ, բա՛վ է գլխիցդ դուրս տաս:
Իսկ եթե միջոցառմանը ներկա է եղել որևէ դատախազ և լռել է, չի ասել՝ ձենդ կտրիր, ա՛յ անասուն, ուրեմն, կե՜ցցես դու՛, Գրիգորյան, քո կղանքային էությամբ…
ՈՒ՞ր է մեզ տանելու այս գաղջ մթնոլորտը:
Հեղինակի նյութեր
- Նիկոլին «քարշ տալու» սրբազան գործը դրված է հայ ժողովրդի վրա
- Ո՞վ է Գագիկ Ջհանգիրյանը
- Երբ այլևս չես լինի իշխանության, զինվորական տրիբունալը վեր կհանի մեզ պարտադրված պարտության բոլոր պատճառները
- Հիմնական մեղավորը հայ կառավարողներն են
- Իմ գնալուց առաջ թող Հայաստանում ջրհեղեղ լինի
- Ո՞րն է քո մատնության գինը, դավաճան պապի` ֆաշիստներին ծախված ենոքավանցի Նիկոլ Փաշինյանի դավաճան թոռ
- Խրախճանք ժանտախտի պահին
- Ո՛վ մարդկային արդարություն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ
- Զոհվածների արյունը երկնքից կանչում է` պատերազմը հասցնել հաղթական ավարտի
- «Պրոֆեսիոնալ» «իմքայլականները» կերան իմ 800 հակ յոնջան և …
- Նիկոլ, իսկ դու արդարացվե՞լ ես, մաքրվե՞լ ես քո քրեական անցյալից
- Վեհափա՛ռ, կրկնեք Գևորգ Հինգերորդի օրինակը, ժամն է գործելու
- Պատմական դեպքերի և դեմքերի համեմատական վերլուծություն
- Որոշ բաշիբոզուկներ փորձում են զրոյացնել մեր կեսդարյա պայքարի իմաստը
- Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանին
- Վերնագիրը վերջում թող ընտրի ընթերցողը (պախարակելի՞ է, որ ո՛չ գոմիկ են, ո՛չ էլ տրանսգենդեր)
- Ո՞վ դուրս թողեց Ղարաբաղը բանակցային գործընթացից
- Ձեր հերթն էլ կգա
- Ես` որպես ՀՀ քաղաքացի, հայտարարություն եմ տալիս ժամանակին հորդ կատարած հանցագործության մասին
- Եվս մեկ անգամ Մեղրիի միջանցքի փոխանակման մասին
Մեկնաբանություններ